Հայաստանի պետբյուջեում գործունեության այս կամ այն ոլորտում «վաստակավոր» կոչումը կրող բոլոր անձանց պատվովճարներ տրամադրելու միջոցներ չկան: Այս պատճառով կառավարությունը դեկտեմբերի 12-ին աննպատակահարմար է համարել ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրինագծին հավանություն տալը:
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծում Մարուքյանը նշել էր, որ ներկայումս Հայաստանում տարբերակող երկու կոչում կա՝ «վաստակավոր» եւ «ժողովրդական» (վերջինը միայն արտիստներն ու նկարիչներն են ստանում): «Ժողովրդականների» համար ամենամսյա 40 հազար դրամի պատվովճար է նախատեսվում: Վաստակավոր գործիչների համար վճարներ չեն նախատեսվում, ինչն էլ նրանց համար վճարներ սահմանելու անհրաժեշտություն է ստեղծում, կարծում է Մարուքյանը:





























