Դեկտեմբերի 11-ին Կառավարության շենքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության 10 անդամների միջև: Այս մասին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում։ 

«Հանդիպման նպատակն էր այս անգամ արդեն առերես բարձրաձայնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ հանրության մտավախությունները, Օրենքի շատ դրույթների հակասահմանադրականությունը և ՀՀ վարչապետին ուղղել այն հարցերը, որոնց պատասխանները ոչ Օրենքն է տալիս, ոչ լիազոր մարմինը»,- ասվում է հայտարարությունում:

Նախաձեռնության անդամները հայտնում են, որ հանդիպման արդյունքում իրենք կրկին չեն ստացել իրենց հարցերի վերաբերյալ հստակ ու սպառիչ պատասխաններ, քանի որ հիմնական փաստարկները պտտվել են այն խնդրի շուրջ. «Որ կենսաթոշակային խնդիրներն այսօր համընդհանուր բնույթ ունեն, աշխարհի բազմաթիվ պետություններ են բախվել այդ լուրջ խնդրին, և ՀՀ-ում ներդրվող մոդելն իր պարտադիր բաղադրիչով, իբր թե, լավագույնն է, այլապես պետությունն ունակ չի լինելու ապահովել իր քաղաքացուն բարեկեցիկ ծերություն և արժանապատիվ կենսաթոշակ»,- գրել են նախաձեռնության անդամները՝ մեջբերելով վարչապետի խոսքը։

Ըստ նախաձեռնության անդամների՝ այն, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումների կարիք կա, ակնհայտ է, սակայն իրենց կողմից բազմիցս ու հստակ ներկայացված փաստարկների հիման վրա համարում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն այս տեսքով չի կարող լինել բարեփոխում և իրապես լուծել նմանատիպ լուրջ սոցիալական խնդիր, ավելին՝ այն առաջացնում և առաջացնելու է մի շարք սոցիալական լուրջ խնդիրներ։

«Փաստորեն, հանդիպման արդյունքում չփարատվեցին «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության կողմից Օրենքի որոշ դրույթների լուրջ վտանգների վերաբերյալ բարձրաձայնվող մտավախությունները, ավելին՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ կառավարությունն ընտրել է հնարավորինս պետության սոցիալական պատասխանատվությունն օտարելու և այն քաղաքացիների վզին փաթաթելու մոտեցումն Օրենքի ուժով պարտադրելու ուղին, անկախ նրանից այն հակասահմանադրական է, թե ոչ:

Սա ևս մեկ ազդակ էր մեզ բոլորիս համար, որ քաղաքացիական ուժեղ ու համախմբված շարժման դեպքում միայն կարող ենք կառավարությանը ստիպել հաշվի նստել հանրության լայն զանգվածի կարծիքի հետ և հաշվի առնել նրա շահերը՝ հետ կանգնել հակասահմանադրական քայլերից»,- ասվում է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am