Այսօր մեր քաղաքացիների համար դժվարություններ ստեղծելով՝ մենք մտածում ենք ապագա սերունդների մասին, քանի որ ընդամենը 23 տարուց ի հայտ կգան կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգից առաջին օգտվողները: Այս մասին դեկտեմբերի 12-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ կառավարությունը գիտակցաբար քաղաքական պատասխանատվություն է ստանձնում, քանի որ վստահ է՝ չի կարելի հապաղել այս հարցում. «Մենք վստահ ենք, որ օր առաջ պետք է ներդնել այս համակարգը՝ մեզ սպասվող կենսաթոշակային ճգնաժամից խուսափելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին բուռն քննարկումներ եղան այս հարցի հետ կապված, եւ մեր քաղաքացիները ոչ միայն դժգոհություն հայտնեցին, այլեւ կառավարությանը մի շարք հարցեր ուղղեցին»:
Վարչապետը հայտնել է, որ երեկ ՏՏ ոլորտի մասնագետների հետ է հանդիպել, քննարկումները շարունակվել են 2.5 ժամ:
«Մեկ բան ինձ շատ է ուրախացնում. օր օրի մենք տեսնում ենք, թե ինչպես է թափ հավաքում քաղաքացիական հասարակությունը, եւ այս բարեփոխումը չորս տարվա ընթացքում էլ ավելի կուժեղացնի այն, քանի որ մենք ձեզ հետ պատասխանատու միջավայր ենք ստեղծում պատասխանատու քաղաքացու համար:
275 հազար քաղաքացիներ պետք է ինքնուրույն որոշեն՝ որ սխեմայից են ցանկանում օգտվել: 275 հազար քաղաքացիներ ամեն ամիս կվերահսկեն կառավարությանը, քանի որ մենք պարտավոր ենք ամեն ամիս կրկնապատկել նրանց հատկացումները: 275 հազար քաղաքացիներ ամեն ամիս կվերահսկեն օպերատորին, որը տնօրինում է իրենց կենսաթոշակային միջոցները, կվերահսկեն կուտակված գումարի տոկոսները, կառավարությունից կպահանջեն վերահսկել իրենց միջոցները: Նրանք դա կանեն 40-45 տարի», - ասել է վարչապետը եւ հավելել, որ կառավարությունը որակապես նոր միջավայր է ձեւավորում, նոր քաղաքացի, որը պատասխանատու է իր որոշման համար. «Կենսաթոշակային այս համակարգը շատ արդյունավետ կլինի, այն կծառայի ժողովրդի բարօրությանը»:





























