Ֆինանսների նախարարությունը 6,25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաեւ դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը: Այդ որոշման հիմքում այն համոզմունքն ու նաեւ միջազգային փորձն է, որի համաձայն  արտարժույթով եւ տեղական արժույթով պարտատոմսերի միջեւ եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ:

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ կատարված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները, եւ նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով  պետական պարտատոմսերի  եկամտաբերությունը կազմել է 10.16 տոկոս՝ տարվա սկզբի 14.28 տոկոսի փոխարեն:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով  թողարկված պետական պարտատոմսերի  եկամտաբերությունը կազմել է 11.63 տոկոս, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը կազմել է 16.43 տոկոս:

Ֆինանսների նախարարությունը շարունակելու է վճռական քայլեր իրականացնել պետական պարտատոմսերի շուկայում պարտատոմսերի եկամտաբերության կորի ամբողջ երկայնքով այնպիսի տոկոսադրույքներ ձեւավորելու ուղղությամբ, որոնք կապահովեն վերը նշված նպատակը՝ արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը: