Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ իր ամանորյա տոնակատարությունը, որի շրջանակներում նաեւ լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունը, կնշի Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից առանձին: NEWS.am-ի տեղեկություններով՝ նախարարությունը այն մտադիր է նշել դեկտեմբերի 25-ին «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում: Ներկա է լինելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ողջ մարզաշխարհը՝ մարզիկներ, ֆեդերացիաների ղեկավարներ, բազմաթիվ պաշտոնյաներ, հարց է առաջանում՝ կհրավիրվի՞ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ:
Հայաստանի օլիմպիական կոմիտեն լավագույն մարզիկների պարգեւատրման ամենամյա միջոցառումը այս տարի նախատեսել էր անցկացնել դեկտեմբերի 25-ին, նույնիսկ հրավերներ էր արել այդ օրվա համար, սակայն, տեղեկանալով, որ նախարարությունը եւս իր միջոցառումը պլանավորել է դեկտեմբերի 25-ին, փոխել է օրը: Այսպիսով, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզիկների մեծարման միջոցառումը կանի դեկտեմբերի 26-ին իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանում, որոշ տեղեկություններով՝ նա լավագույն մարզիկներին բնակարաններ է նվիրելու:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզիկների պարգեւատրման ամենամյա միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին «Փարավոն» ռեստորանում: Նա նշեց, որ հրավիրված է լինելու ողջ մարզաշխարհը, կլինի նախագահ Սերժ Սարգսյանը, թե ոչ, մամուլի խոսնակն ասաց, որ նախորդ տարիներին նա ներկա է եղել, իսկ այս տարվա վերաբերյալ տեղեկություն չունի: Իվետա Տոնոյանն տեղեկություն չուներ նաեւ՝ կհրավիրեն սպորտի եւ երիտասարդության նախարարությանը, նախարար Յուրի Վարդանյանին: Պարգեւների վերաբերյալ մեր տեղեկությունն էլ նա այսպես մեկնաբանեց. «Մրցանակաների մասին այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, բայց ավանադաբար պարոն Ծառուկյանը շատ շռայլ եւ առատաձեռն է եղել մարզիկների պարգեւատրման հարցում, կսպասենք եւ կիմանանք»: Իսկ թե ինչպես են գնահատում սպորտի նախարարության ոտնձգությունը՝ ՀԱՕԿ-ից առանձին նշելու հարցում, Իվետա Տոնոյանն ասաց, որ «ես մրանց գործողությունները չեմ կարող մեկնաբանել»:





























