NEWS.am«Համաճարակից սատկած խոզի միսը վաճառում են նաեւ Երեւանում. Լոռիում սատկած գոճիներին պարկերով են հաշվում» նյութի հետքերով Սննդի անվտանգության պետական ծառայությունը այցելել է Լոռիի մարզ եւ ստուգումներ անցկացրել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ իրենց աշխատակցիները գնացել են Լոռիի մարզ՝ պարզելու կա կենդանու անկում, թե ոչ, նրանց է միացել նաեւ անասնաբույժը, համաճարակաբանը, մարզպետարանի գյուղվարչության պետը:

Նա շեշտեց, որ Լոռիում կենդանիների զանգվածային անկում չկա եւ չի նկատվել, ընդամենը 4 հատ 25 օրական գոճիի անկում է եղել, դրանից բացի՝ հիվանդություն ունեցող կենդանի կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանու անկման դեպք չի եղել:  4 ընկած կենդանիներից նմուշառում են վերցրել, հանձնել լաբորատորիա, որպեսզի պարզեն անկման պատճառը:

«Որեւէ մեկի տանը չի հայտնաբերվել հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող խոզ: Գյուղացիներին էլ հերքել են իրենց ավելի վաղ արած հայտարարությունները»,-ասաց Հովհաննես Մկրտչյանը: