NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը:
Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:
Տանը՝ ընտանիքիս հետ, որպեսզի Նոր տարվա շունչը ողջ տարի տանս պատերի մեջ մնա:
Ամանորի սեղանին ձեր սիրելի ուտեստը:
Մորս պատրաստած խաղողի թփով տոլման ամեն առումով ինձ կշտացնող էր, այդ ուտեստից օգտվելիս մորս եմ հիշում:
Քանի՞ շիշ կարող եք խմել:
Ապրածս կյանքի դառնության աստիճանը՝ դոզան, առավել բարձր է եղել, քան ամենախիստ խմիչքի «գրադուսը»: Ավելի լավ է չխմել, քան խմել ոչինչ:
Առաջինը ո՞ւմ կենացն եք խմում, իսկ հիշո՞ւմ եք վերջին կենացը:
Ցավոք, կյանքի բոլոր բնագավառներում վերջիններին չեն հիշում, իսկ ամանորյա շնորհավորանքից հետո առաջին կենացը ուղղված է հանգուցյալ ծնողներիս եւ հարազատներիս:
Քանի՞ «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնում ամանորյա այցելությունների համար:
«Բոնբոնեռկան» ու կոնյակը իմ տեսակից դուրս են, ես գերադասում եմ ծաղիկներ:
Ձմեռ պապիի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:
Երկուսն էլ ֆալշ են. առաջինը ինձ հիշեցնում է մանկապարտեզից հիշողությանս մեջ պահպանված ու Ձմեռ պապու դերում հանդես եկող տնտեսվար Ռաֆոյին, իսկ Ձյունանուշիկի դերում՝ խոհարարի աղջիկ Հոռոմին:
Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:
Քույրիկիս՝ Մանուշին, կուզենայի, որ նա իմ երազանքների Ձյունանուշը լիներ: Գեղեցիկ քույր ունեի, 20 տարեկանում ավտովթարից մահացավ:
Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:
Երգելու պահանջով հանդես եկող Ձմեռ պապու քուրքի մեջ հաստատ ոստիկան կլինի թաքնված, հաստատ չերգեցի, դա իմ տեսակը չէ:
Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից ո՞ւմ եք զանգում:
Մեկ մարդու, դա ես գիտեմ եւ ինքը: Ամանորի գիշերը նա միշտ էլ ինձ հասանելի է:
Ի՞նչ կենդանու եք Ձեզ նմանեցնում եւ ինչու:
Ես ծնվել եմ ձիու տարում, բայց բակումս պահում եմ ուսուրական վագրեր, բնության մարդ եմ՝ Ծաղիկ Ռուբոն, մականունս արդեն իսկ խոսում է իմ տեսակի մասին:
Ինգա Մարտինյան





























