Մեկ շաբաթ առաջ Երեւանում ցրտահարությունից մահացել է անօթեւան մի տղամարդ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Բաշինջաղյան 184 շենքի բնակիչները: Հենց այս շենքի նկուղում էլ մի քանի տարի ապրել է մոտ 50 տարեկան Հայկ անունով տղամարդը: Հարեւանները հնարավորինս օգնել են Հայկին սնունդով, քանի որ վերջինս տարիներ առաջ այդ շենքում է ապրել, բայց ճակատագրի բերումով մնացել է անտուն:
Այդ օրը հարեւանները լսել են Հայկի տնքոցները, իջնելով նկուղ պարզել, որ նա սառել է ու վատառողջ է: Անմիջապես ահազանգել են «շտապ օգնություն», սակայն կանչով եկած բրիգադը հրաժարվել է տեղափոխել տղամարդուն հիվանդանոց` պատճառաբանելով, թե նա անօթեւան է, «կմահանա կմնա մեր վրա»: Այդպես էլ թողել են տղամարդուն:
Նույն երեկոյան արդեն շենքի տղամարդիկ են հավաքվել ու զանգահարել «շտապ օգնություն», քանի որ Հայկի վիճակը գնալով ավելի է վատացել: Կանչով եկած բրիգադին, որը կրկին փորձել է հրաժարվել ու անօթեւանին տեղափոխել հիվանդանոց ու օգնություն ցուցաբերել, սպառնացել են, որ ոստիկանություն կզանգահարեն ու միայն այդ սպառնալիքի ներքո է, որ բժիշկները Հայկին տեղափոխել են հիվանդանոց: Սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել` տղամարդը մահացել է ցրտահարվելուց:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում





























