Այսօրվա դրությամբ տնտեսական աճի հարցն ամենաքննարկվողն է լրատվամիջոցներում, մեկնաբանություններում եւ քաղաքական գնահատականներում: Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՝ ամփոփելով ավարտվող տարվա արդյունքները:

Անցնող տարում տնտեսական աճի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ, նախեւառաջ, երկրի նախագահն այս հարցին հստակ պատասխան եւ բացատրություն է տվել.  «Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առաջ տնտեսական ցուցանիշի առումով ավելի բարձր նպատակներ է դրել: Նպատակն այն էր, որ կառավարության անդամներն անեն առավելագույնը՝ երկրում տնտեսական աճի ապահովման համար», - նշել է վարչապետը:

Ըստ նրա` ԱԺ-ում բյուջեի նախագիծը ներկայացնելիս հնչած ցուցանիշները մի փոքր տարբերվում են «քաղաքական թիրախից»: Քանի որ մի կողմից խոսքը տնտեսական հարթության ցուցանիշների մասին է,  մյուս կողմից էլ` քաղաքական հարթության թիրախի: Առաջադրված քաղաքական թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են առավելագույն ջանքեր, հաշվետվություն, թե ինչպիսին են եղել այդ թիրախներին հասնելու ջանքերը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ համնգամանքների եւ այն բնագավառների սահմանումը, որտեղ դրանք հաջողվել կամ չեն հաջողվել,   նշել է վարչապետը: «Ադ հաշվետվությունը մենք կներկայացնենք  հանրությանը: Ինչպիսին կլինի 2013թ. ցուցանիշը, ինչ բնագավառներում են մեր ցուցանիշներն ավելի վատ, կփորձենք միասին վերլուծել եւ պարզել, թե ինչն է խանգարում ավելի բարձր ցուցանիշների հասնելուն», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը: