Քաղաքական ուժերի միասնությունը, որը դեկտեմբերի 23-ին դրսեւորվել է ԱԺ-ում, պետք է տեղի ունենա նաեւ հրապարակներում, դա միանգամից փոփոխությունների կհանգեցնի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 27-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա, ներկայումս միասնականության հարցը կարծես թե լուծված է, սակայն միասնությունը պետք է հրապարակներ տեղափոխվի: «Գալիք տարի եւս մեր խնդիրն է լինեու միասնականությունը, կազմակերպվածությունը ու հասարակության կողմից լիարժեք մասնակցությունը»,-ընդգծել է պատգամավորը: Մի կողմից, նկատել է Փոստանջյանը, կարելի է ասել, որ հակազդեցությունը պետք է ընթանա փողոցում, իհարկե, քանի որ դա երկրում օրինական իշխանության հաստատման կարեւորագույն միջոցներից է:
«Մյուս կողմից, նման նախադեպ մենք դեռ չենք ունեցել, որ ոչ կոալիցիոն բոլորը ուժերը միավորվեն: Ես արդեն յոթ տարի է պատգամավոր եմ, հավաստիացնում եմ, շատ դժվար է նման իրավիճակ ստեղծել: Եթե մենք այս չափ միասնակ լինեինք նախորդ տարվա դեկտեմբերին, ապա կունենայինք նախագահական ընտրությունների միասնական թեկնածու»,-եզրափակել է նա:





























