2013 թ-ի տարեսկիզբը բնութագրվել է ցածր եւ կայուն գնաճային միջավայրով, տնտեսական բարձր ակտիվությամբ, սակայն էներգակիրների գների փոփոխությունն էապես փոխել է մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Կենտրոնական բանկում 2013 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Կառավարության անդամներ, ՀՀ ֆինանսական համակարգի, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք:

Ջավադյանն ասել է, որ Կենտրոնական բանկը՝ գնահատելով գների կայունության վրա այդ շոկի ազդեցությունները, ճկուն կերպով արձագանքել է, մի դեպքում տոկոսադրույքի բարձրացման միջոցով՝ հնարավոր երկրորդային ազդեցությունները մեղմելու եւ սպասումները չեզոքացնելու ուղղությամբ, մյուս դեպքում՝ տոկոսադրույքի շարունակական իջեցման միջոցով՝ երբ արդեն արձանագրվել է գնաճային միջավայրի մեղմացում եւ տնտեսական ակտիվության նվազում:

Արթուր Ջավադյանն ասել է, որ 2013 թ. ավարտվում է 6%-ից ցածր գնաճով, ինչը էներգակիրների սակագների փոփոխության, վերջինիս անուղղակի ազդեցությունների ներքո կարելի է համարել ձեռքբերում:

ԿԲ նախագահը տարվա ձեռքբերումների թվում նշել է նաեւ ֆինանսական համակարգի կայունության ամրապնդումը. համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, իսկ հիմնական ցուցանիշների գծով ապահոված աճերի արդյունքում 2013 թ-ին տնտեսությունում շարունակվել է խորանալ իրական եւ ֆինանսական հատվածների ինտեգրումը: Ներկա դրությամբ ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը, մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը փուլում, այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% եւ 18%՝ այսօրվա մակարդակից գրեթե 2.5 անգամ ցածր:

Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ այս դրական զարգացումներն արդյունք են վերջին 5 տարիների ծրագրային բարեփոխումների, նշել դրանցից մի քանիսը: Մասնավորապես ընդգծել է, որ դրամավարկային գործիքների կիրառման մոտեցումների փոփոխության, մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքների միջակայքի նվազեցման, բաց շուկայում Կենտրոնական բանկի գործառնությունների ակտիվացման եւ Կառավարության հետ կոորդինացված քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք ֆինանսական շուկայի տոկոսադրույքների ավելի ցածր եւ կայունացող մակարդակներ: