2013 թվականին Կառավարության հետ իրականացվել է գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որի շրջանակում տրամադրվել են սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով գյուղվարկեր, որը շարունակվել է նաեւ այս տարի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Կենտրոնական բանկում 2013 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, գիտնականներին, ստեղծագործական միությունների անդամներին, լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, սպորտսմեններին» ծրագրերը, իսկ 2013 թ-ին մեկնարկել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Սպառողական վարկեր՝ զինծառայողներին» եւ «Մատչելի ուսանողական վարկեր» պետական նպատակային ծրագրերը:
ԿԲ նախագահը հիշատակել է այս տարիներին ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների շարունակականության մասին: Վերջիններիս թվում նա նշել է ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որն այսօր սահուն կերպով լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները: Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են գտնվել նաեւ կենսաթոշակային բարեփոխումները, որի շրջանակում ակտիվ բանակցություններ են վարվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ակտիվների կառավարիչների հետ: Արդյունքում ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ համատեղ եւ ավստրիական «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերությունը գերմանական «Տալանքս» ընկերության հետ համատեղ հիմնադրել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարիչներ, որոնց մուտքը հայկական շուկա մեծ ձեռքբերում է:




























