Ամանորյա ծախսերը քիչ էին, «Հայռուսգազարդի» պատճառով Դավիթաշենի բնակիչների ծախսերն ու հոգսերը տոներին ընդառաջ հարյուրապատկվեցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27 շենքի բնակիչները եւ ավելացրեցին, որ խնդիրը համատարած է: Նրանք նշեցին, որ դեկտեմբերի 28-ին ժամը 11.00-ի սահմաններում իրենց գազն անջատել են եւ խոստացել ժամերի ընթացքում վերականգնել, մինչդեռ գազի մատակարարումը կոնկրետ իրենց շենքում վերականգնվել է միայն դեկտեմբերի 29-ին ժամը 15.00-ի սահմաններում, որի հետեւանքով շարքից դուրս են եկել բնակիչների ջեռուցման համակարգերը:
«Պատճառն այն էր, որ չենք իմացել, որ գազն անջատելու են եւ ջեռուցման համակարգերի միջի ջուրը չենք դատարկել ու օդը չենք թողել: Արդյունքում տեղի ունեցավ այն, որ սառցակալելու պատճառով մեծամասնության ջեռուցման համակարգերը չեն աշխատում, իսկ երբ մասնագետ ենք զանգում հրավիրում, ասում են, որ դա իրենց գործը չէ: Շատ հետաքրքիր է, իսկ ում գործն է, երբ այս Նոր տարվա օրով, ոչ տաք ջուր ունենք, ոչ տաքություն: Յուրաքանչյուր ընտանիքի հազարավոր դոլարների վնաս են պատճառել»,- դժգոհեցին բնակիչները:
Այս խնդրի առնչությամբ նախ դիմեցինք գազի գրասենյակի տեղեմասային տեսուչին, հետաքրքրվելու, թե մասնագետներ ուղարկելո՞ւ են բնակարաններ կամ փոխհատուցում լինելո՞ւ է, թե՝ ոչ, ով հետեւյալ կերպ արձագանքեց. «Մագիստրալը գետնի տակ տրաքել է, ո՞վ ումը պետք է փոխհատուցի»:
«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն էլ նշեց, որ իրենց ընկերության հետ կնքած պայմանագրերը կարգավորում են միայն մատակարար-բաժանորդ հարաբերությունները:
Դիտարկմանը, թե գազի մատակարարման խափանման պատճառով են մարդիկ նման իրավիճակի մեջ հայտնվել, նա արձագանքեց. «Հիմա առանձին-առանձին դեպքերը պետք է նայենք հասկանանք: Ես հիմա չեմ կարող որեւէ բան ասել հատկապես այս տոն օրերին ընդառաջ: Ճիշտ է, վթար է եղել, բայց վթարը շատ արագ մի քանի ժամում վերականգնվել է: NEWS.am-ն էլ համապատասխան ինֆորմացիան տվել է: Մենք մի քանի ժամ հետո տվել ենք ինֆորմացիան, որ վթարը վերականգնվել է»:
Նշենք, որ NEWS.am-ի համապատասխան տեղեկատվության ներքո ընթերցողները դժգոհել էին, որ գազի մատակարարումն իրենց մոտ չի վերականգնվել: Ավելին` գազի ծառայության գրասենյակից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Դավիթաշենում դեռ շատ շենքեր կան, որոնք այս պահին գազ չունեն:





























