Ղըրղզստանի ժամանակավոր կառավարությունը պաշտոնանկ է արել մի քանի դեսպանների, այդ թվում՝ նախագահի եղբորը, որը 2005թ.-ից զբաղեցնում է Նորվեգիայում եւ Գերմանիայում Ղրղզստանի դեսպանի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «Կաբար» գործակալությունը, ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունաբեւայի հրամանով իրենց պաշտոններից ազատվել են նաեւ Թուրքիայում դեսպան Տաշբոո Ժումագուլովը, Ռուսաստանում դեսպան՝ Ռաիմկուլ Աթոկուրովը, նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում երկիրը ներկայացնող Զամիրա Սադիկովան:

Աղբյուրի փոխանցմամբ, ապրիլի 11-ին հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ռոզա Օթունբաեւայի միջեւ, որում Քլինթոնը աջակցություն է հայտնել ղըրղզական կառավարության ջանքերին:

Քլինթոնը խոսել է նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ Ղըրղզստանի կարեւոր դերի մասին, որտեղ տեղակայված է «Մանաս» ռազմաբազան:

Օթունբաեւան իր հերթին նշել է, որ երկրի վարչակազմը հստակ հետեւելու է ռազմակայանի վերաբերյալ պայմանավորվածություններին:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Քրոուլին հայտնել է, որ Քլինթոնը Ղըրղզստան է ուղարկելու իր տեղակալ Ռոբերտ Բլեյքին: