Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Մայք Գաթոյին մեղադրել են հայկական լոբբիստներին ծառայելու մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նրա ծրագիրը հարուցել է ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս գտնվող ադրբեջանցիների զայրույթը: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Գաթոն չի ժխտում, որ այդ ծրագրի շուրջ համագործակցում է հայկական երեք հասարակական կազմակերպությունների հետ: Խոսքը Ամերիկայի հայկական խորհրդի, Հայ դատի ամերիկյան գրասենյակի ու «Միավորված հայ երիտասարդների» մասին է: «Այս խմբերը պայքարում են ծագումով հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- ասել է Գաթոն:
Նրա խոսքով, մեղադրանքը կարեւոր հարց է դուրս մղում ուշադրությունից: «Շատ խորհրդային մոտեցում է ասել , որ մարդիկ չունեն ինքնորոշման իրավունք»,-ասել է Գաթոն: Կարծում եմ, ողջ աշխարհն է համամիտ ինքնորոշման հետ: Տարածաշրջանն այժմ «լիցքաթափման» վիճակում է: Ադրբեջանցիները փորձեցին ուժով հետ գրավել այն, բայց չկարողացան»:
Հիշեցնենք, որ Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատոն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան պետություն ճանաչելու վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել: Մայք Գաթոն օրենսդրական նախաձեռնությունների հարցերում սերտորեն համագործակցում է Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի առաջին հեղինակներից մեկն էր: Այն դեպքում, եթե Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատներն ընդունեն բանաձեւը, դրա պատճենները կփոխանցեն ԱՄՆ նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի քարտուղարին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի քարտուղարին եւ Կոնգրեսում Քալիոֆորնիայի յուղաքանչյուր ներկայացուցչի:




























