37-ամյա Դավիթ Ճաղարյանը ծեծել է նախկին կնոջը եւ վնասել նրա վերարկուն: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Դավիթ Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 9-ին ժամը 23:15-ի սահմաններում Իջեւան քաղաքի Իջեւանյան 25 հասցեում գտնվող տան բակում վիճաբանության մեջ է մտել նախկին կնոջ ` Էդիտա Ս-ի հետ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ավելին` դիտավորությամբ վնասել է Էդիտա Սարիբեկյանի վերարկուն` պատճառելով 34000 դրամի նյութական վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 185 հոդվածի 1-ին մասով` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել: Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարանը ստացվել է հունվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























