Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսինը ՝ 50-ամյա Տոնական Ղազարյանը հնարավոր է իր կողմից վրաերթի ենթարկված ոչխարների տերերի դեմ Ոստիկանությունում բողոք ներկայացնի իրեն ծեծի ենթարկելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տոնական Ղազարյանը:

Նա նշեց, որ ոչխարի տերերը միջնորդնորավորված փորձել են իրեն հանդիպել, որ փոխհատուցի սատկած ոչխարների դիմաց, սակայն նա պատրաստ է դիմել այդ քայլին, եթե օրենքը դա պահանջի: «Տարբեր ճանապարհներով փորձեցին իմ հետ կոնտակտի մեջ մտնել, բայց ես դա բարոյական  չհամարեցի: Գոյություն ունի ապահովագրական ընկերություն եւ պետք է աշխատանք այդ ճանապարհով: Ես էլ մարդ եմ, հասկանում եմ, որ վնասվել են, բայց չեմ պատրաստվում  իրենց ոչխարի համար գնամ, «անմեղ գառնուկ» դառնամ»,- ասաց Տոնական Ղազարյանը:

Նաեւ ավելացրեց, որ չի բացառվում, որ բողոք ներկայացնի նրանց դեմ իրեն ծեծի ենթարկելու փաստով: «Քննիչը երկուշաբթի զանգել, կանչել է: Դատական բժիշկի ուղեգիր կտրվի ինձ, որից հետո հստակ կպատասխանեմ»,- ասաց գյուղապետի ամուսինը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհին, հունվարի 9-ին, Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով Նոր Արտագերսի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսինը` 50-ամյա Տոնական Ղազարյանը, մեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ  Զադա Բրոյանին պատկանող ոչխարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  Տոնական Ղազարյանը: Նրա խոսքով՝ իր մեքենան 3-տոննայանոց է, եւ հարվածից 27 ոչխար սատկել է: Պատճառն, ըստ նրա, մառախուղն է եղել, բացի այդ, ոչ մի լուսային եւ ձայնային ազդանշան չի եղել: «Մառախուղի մեջ հայտնված՝ դեմս հազիվ տոռմուզով պահել եմ: Վնասի հատուցման համար մեքենան ԿԱՍԿՈ եւ ԱՊՊԱ է արված: Եթե գտան, որ մեղավոր եմ, կփոխհատուցեմ: Իմ մեքենային էլ է լուրջ վնաս պատճառվել, քանի որ ոչխարները չոր ոսկոր են»,- ավելացրել էրՏոնական Ղազարյանը: Ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ վթարից հետո 5 հոգով հարձակվել են իր վրա եւ ծեծի ենթարկել: