Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ չէ, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյայի որդու մեքենայից թմրանյութ են գտել:
Aravot.am-ի հարցին, թե Հենրիկ Նավասարդյանի որդու հետ կապված, որը օրերս ծեծկռտուքի պատճառ էր դարձել եւ ոստիկանները նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել, ինչպես է մեկնաբանում եւ արդյոք պե՞տք է պարոն Նավասարդյանը հրաժարական տա, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների ընդունելության ժամանակ պարոն Մարգարյանն ասաց` տեղյակ չեմ, եկել եմ դիսպետչերական եւ իջել եմ ձեր մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում, հունվարի 11-ին, Գնունի շինանյութի շուկայում վաճառողի եւ հաճախորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի:
NEWS.am-ի տեղեկություններով` հաճախորդը եղել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթը: Մեզ հայտնի է դարձել, որ Դավիթի «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենայի միջից թմրանյութ է հայտնաբերվել:





























