2014թ-ը  բավականին վճռորոշ է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության  վերասահմանման առումով: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ արդեն հայտարարվել է, որ մինչեւ մայիս պետք է պատրաստ լինի  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը: «Իսկ, եթե մայիսին պատրաստեցինք, դա նշանակում է, որ մինչեւ 2015թ-ի հունվարի 1-ը ամեն ինչ արվելու է, որ Հայաստանը մտնի Եվրասիական  տնտեսական տարածք: Սա իր հերթին ենթադրում է, որ Եվրոպան, Արեւմուտքը ձեռքերը ծալած չեն նստելու եւ բնականաբար բավականին թեժ  պայքար է գնալու տարածաշրջանի եւ ընդ որում Հայաստանի համար»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Խոսելով երկրորդ կարեւոր իրադարձության մասին, նա կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերը արդեն պատրաստվում են 2018 թ-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, նկատելով, որ երեք տարին շատ մեծ ժամանակահատված չէ քաղաքական ուժերի համար:

«Հետեւաբար քաղաքական կյանքը Հայաստանի համար դառնում է չափազանց ակտիվ: Մենք դա տեսնում ենք նաեւ երկրորդ նախագահի ակտիվացմամբ, ով սկսեց վարչապետի հեռակա բանավեճով եւ երեկ արձանագրեց, որ այլեւս իր հետ  չի խոսում: Հիմա, թե հաջորդ փուլում, ո՞ւմ հետ կխոսի, հաջորդ հարցազրույցում ձեռնոց կնետի Սերժ Սարգսյանի՞ն, թե՝ ոչ, առաջիկայում կտեսնեք: Բայց այս պահի դրությամբ, թե առաջին, թե երկրորդ նախագահներն ակտիվացել են: Հետեւաբար` կարծում եմ, որ քաղաքական գործընթացները տեղափոխվում են երեք նախագահների  եռանկյունու մեջ»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ մի  բան ակնհայտ է, որ հերթական անգամ գրոհ է սկսվել կառավարության վրա, որովհետեւ թիրախը տեսանելի է, որ վարչապետն է: 

Միաժամանակ ընդդիմադիր գործիչը նկատեց, որ իր կարծիքով վարչապետը ազատ արտահայտվելու իրավունք է ստացել Սերժ Սարգսյանից, քանի որ մինչեւ հիմա Հայաստանի ոչ մի վարչապետ իրեն այդպես համարձակ չի պահել: «Առհասարակ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի վարչապետները խոնարհ հարսների դեր էին ստանձնել, ինչը չի կարելի ասել Տիգրան Սարգսյանի դեպքում»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը: