«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանի կողմից Թեւան Պողոսյանի մանդատը վերցնելը, թե քաղաքական, թե բարոյական խնդիր է: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ անզեն աչքով է երեւում է այն բալանսը, որը դրված է եղել ցուցակում: «40/40 եւ 20/20: Հիմա, եթե իրենք պետք է համարեն բարոյական է, որ «Ժառանգություն» խմբակցությունում պետք է ունենան մեծամասնություն եւ ստանան եւս մեկ մանդատ, երբ ընտրությունների ժամանակ բացարձակապես տարբեր են եղել ներդրումները, կատարած աշխատանքը, ունեցած կապիտալը եւ ներդրումները, դա արդեն բարոյական եւ քաղաքական խնդիր է: Ավելին` մարդիկ ասում են, որ «Ազատ դեմոկրատների» անունը ավելի շատ խփել է «Ժառանգությանը»»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ «Ազատ դեմոկրատները» լավագույն դեպքում ընտրություններին մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցելիս եւ թռուցիկներ բաժանելիս:
Սաֆարյանը նաեւ խոստովանեց, որ «Ժառանգությունը» նրանց հետ միասնական ցուցակով ներկայանալով մեծ սխալ է գործել, բայց հիմա ոչինչ չեն կարող անել: Նա հույս հայտնեց, որ Թեւան Պողոսյանը մանդատը վայր չի դնի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























