ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանին կփոխարինի Միքայել Մանուկյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, ՀՅԴ գերագույն մարմինը նիստ է հրավիրել եւ նման որոշում կայացրել:«Ցուցակով հաջորդ համարը Միքայել Մանուկյանն է: Նա ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է: Նախկինում եւս պատգամավոր է եղել եւ ունի անհրաժեշտ փորձառություն»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ 2013թ դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին, ինչի վերաբերյալ լրատվամիջոցները գրել էին դեռեւս ամիսներ առաջ, սակայն նշանակումը ուշանում էր:
Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը
Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ:
2006 թ. Ավարտել է Պետական Մանկավարժական Ինստիտուտը
1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:
1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:
Պարգեւատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» եւ ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:
2002-2007թթ. եւ 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է :
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:





























