Թուրքիայում Ադանայի կաթոլիկ Սուրբ Պողոս եկեղեցու վրա 2011-ին թրերով հարձակված 2 կասկածյալները դատապարտվել են 2 տարի 7 ամիս 20 օր ազատազրկման։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Ադանայի քաղաքացիական գործերով 5-րդ դատարանը կասկածյալներ Սերհաթ Է.-ին եւ Իբրահիմ Ք.-ին դատապարտել է 2 տարի 7 ամիս 20 օր ազատազրկման, իսկ նրանց հարձաման ուղղորդող Զեքի Գ.-ին՝ 1 տարի 1 ամիս 10 օր ազատազրկման։ Դատարանը մեկ այլ կասկածյալ Օմեր Ք.-ին արդարացրել է փաստերի բացակայության պատճառով։

Նշենք, որ 2011-ի ապրիլի 21-ի երեկոյան 26-ամյա Սերհաթ Է.-ն եւ Իբրահիմ Ք.-ն  զինված 1 մետրանոց թրերով եւ դանակներով մտել են Ադանայում գտնվող Սուրբ Պողոս կաթոլիկ եկեղեցի եւ «մենք մահմեդական ենք, այստեղ Թուրքիան է, Ալլահ աքբար» բղավելով փնտրել եկեղեցու եպիսկոպոս Ֆարանսիս Դոնդուին։

Եկեղեցու սպասավորները հայտնել են, որ եպիսկոպոսը տեղում չէ, որից հետո ավազակներն սկսել են կոտրել Սուրբ Մարիամ Աստվածածնի արձաններն ու սրբապատկերները։

Ոստիկանությունն անմիջապես հասել է դեպքի վայր եւ մեծ դժվարությամբ ձերբակալել ավազակներին։