ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների լրտեսական ծրագրերը բացահայտած ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն ընդգրկվելու է Մամուլի ազատության հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին ասվում է ամերիկյան տվյալ իրավապաշտպանական կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Շատ կարեւոր է ազատ մամուլին ծառայելը», - այդ կապակցությամբ հայտարարել է Սնոուդենը: Ըստ նրա՝ «Ամերիկայում ցանկացած մարդու վերաբերյալ տեղեկություններ ոչ սահմանադրական եղանակով հավաքելը սպառնում է մեր հիմնարար իրավունքներին, եւ հասարակությունը պետք է ասի՝ կարո՞ղ է արդյոք դա շարունակվել»:
Մամուլի ազատության հիմնադրամը ստեղծվել է 2012թ.՝ ԱՄՆ-ում մամուլի ազատություն ապահովելու համար։ Դրա համահիմնադիրներից են, մասնավորապես, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Դենիել Էլսբերգը, որը 1971թ. մամուլին էր փոխանցել Պենտագոնի գաղտնի զեկույցը Վիետնամի մարտական գործողությունների մասին, ինչպես նաեւ հայտնի դերասան Ջոն Քյուսակը, լրագրող Գլեն Գրինվալդը, որն օգնել էր Սնոուդենին հրապարակել գաղտնի փաստաթղթերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























