Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 10.00-ին, Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հերթական դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Այս անգամ նիստը հետաձգվել է քննիչի եւ դատախազի չներկայանալու պատճառով, թեւ մինչ այդ պատշաճ ծանուցված են եղել: «Տրամաբանորեն, ենթադրվում է, որ կհայտարարվի նախաքննության ավարտի մասին եւ այդ հարցի քննարկումը կհամարեն ժամանակավրեպ, թեեւ մենք ունենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը պնդում է հակառակը»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:





























