Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այլեւս բողոք չունի Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի դեմ:

Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է. «Ես բողոք չունեմ Վահան Կարապետյանի դեմ

ՀՔԾ–ում՝ իմ եւ ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ.

-Վ. Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, եւ ես որեւէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ,

-այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»։

ՀՔծ-ում ավելի վաղ քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով: Սուրենյանցը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը հարվածել է իրեն:

Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետեւանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ:

Կատարվում է նախաքննություն: