Շատ հաճելի է, երբ երկրի երկրորդ նախագահը հիշատակում է Անդրանիկ Մարգարյանին, բայց հռետորական հարց է առաջանում՝ ե՞րբ է վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանն այցելել Պանթեոն: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այսօրվա կառավարության հասցեին հնչեցրած քննադատություններին, ԿԳ նախարարն ասաց, որ կարիք չկա 1998-2008 թթ. ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որեւէ ենթատեքստ ներքաղաքական այդ գնահատականների եւ վերլուծականների մեջ չկա, այդ թվականներին էլ ՀՀԿ-ն եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը:
Խոսելով երկրորդ նախագահի քաղաքականություն վերադարձի մասին՝ Արմեն Աշոտյանը հիշեց վերջինիս կողմից թվարկված երեք պայմանները՝ երկրի օրհասական վիճակ, ժողովրդի պահանջ և իր կամքը: Նախարարը շեշտեց, որ առաջին երկուսը ակնհայտորեն չկան, իսկ երրորդը՝ չգիտի: Արմեն Աշոտյանը շեշտեց, որ սա քաղաքական դիսկուրս է, իսկ տնտեսությունը ընդամենը առիթ է, «կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները տնտեսությունից խոսում են այն ժամանակ, երբ քաղաքական խնդիրներ են ուզում լուծել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, կապված «շինարարության փուչիկի» պայթելու հետ:
Մասնավորապես, Քոչարյանը նշել էր, որ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», որ վարչապետը կամ «բանականության դեգրադացիա» է ապրում, կամ «բարոյականության դեգրադացիա»:
Դրանից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Նա դրան պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում, այնուհետեւ ներկայացրել էր իր վերլուծությունը «շինարարության փուչիկի» մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հարցազրույցն էր տվել՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը:





























