Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացին ուղղիչ աշխատանքների է  դատապարտվել ծայրահեղականության համար:

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ Ադրբեջանի քաղաքացի Ուլվի Ջաբարովի դատավճիռը կայացրել է Մուրմանսկի դատարանը: Նա մեղադրվել է ՌԴ ՔՕ 280 հոդվածի 1-ին մասով («Ծայրահեղական գործունեություն ծավալելու հրապարակային կոչեր») եւ  282 հոդվածի 1-ին մասով («Կրոնական հողի վրա մարդկանց հանդեպ թշնամության եւ խտրականության սերմանում»):

Տղամարդուն նախորդ տարվա ամռանն էին ձերբակալել: Տունը խուզարկելիս նրանից առգրավել էին ծայրահեղական բնույթի գրականություն:

Քննության տվյալով՝ Ջաբարովը ինտերնետ ակումբի համակարգչից  «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում ծայրահեղական բնույթի տեսանյութեր է տեղադրել:

Դատարանը Ջաբարովին դատապարտել է ուղղիչ աշխատանքների՝ 1 տարի, 9 ամիս ժամկետով, հօգուտ պետության աշխատավարձի 10 տոկոսի պահումով: