Սիրիայում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բոլորը պայքարում են բոլորի դեմ, որը բացի Ասադի հակառակորդների դիրքերի թուլացումից, այլ բանի չի հանգեցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:
Նրա խոսքով՝ մեկ «ալ Կաիդան» պայքարում է մեկ այլ «Ալ Կաիդա»-ի դեմ: «Եթե այդ ողջ ընդդիմությունը երբեւէ միավորվի, դա, անկասկած, կբարդացնի Բաշար ալ Ասադի վիճակը»,-նշեց նա, միաժամանակ ընդգծելով, որ Սիրիայի ընդդիմությունը երբեք միասնական չի եղել եւ յուրաքանչյուր դաշտային հրամանատար սեփական նպատակներն է հետապնդում:
Արեւելագետը նաեւ հավելեց, որ առայժմ նախաձեռնությունը կառավարական ուժերի ձեռքին է:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայում գործող եւ «Ալ Կաիդայի» հետ առնչություններ ունեցող «Իրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գնդակահարել էին «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ «Ահրար աշ-Շամ» խմբավորումների մոտ 100 անդամների: Այդ խմբավորումները եւս առնչություն ունեն «Ալ Կաիդա»-ի հետ:





























