«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդությամբ դիմել է Գլխավոր դատախազին՝ ինքնաբացարկ ներկայացնելով գործով քննչական խմբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը շեշտեց, որ քանի որ գործով տուժողը ոստիկանության աշխատակից է, այդ գործը պետք է քննի ոչ թե ոստիկանությունը, այլ ՀՔԾ-ն: Այս միջնորդության պատասխանից դեռ նորություն չկա, հայտնի չէ նաեւ կալանքը երկու ամսով երկարացնելու հարցով  բողոքը Վերաքննիչ դատարանում քննելու օրը:

Ինեսա Պետրոսյանը երեկ տեսակցել է «Դատապարտայլների հիվանդանոցում» գտնվող Շանթ Հարությունյանին, եւ նշեց, որ նրա վիճակը լավ է, կազդուրման փուլում է, պայմանները բարելավված են եւ դեռ երկու շաբաթ էլ կգտնվի այնտեղ:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Ոստիկանությունը ձերբակալել էր  20 հոգու, որոնցից 6-ին կալանավորել էին եւ առաջադրել մեղադրանք:

Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար: