«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու գործով մեղադրյալ կնոջ խափանման միջոց կալանքը կերկարացվի երկու ամսով: NEWS.am-ի տեղեկություններով՝ քննիչը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, որպեսզի կալանքը երկարացնեն երկու ամսով:
Դրանից հետո մեղադրյալի փաստաբանը կդիմի Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով խափանման միջոց կալանքը երկարացնելու որոշումը: Ի դեպ, խափանման միջոցի ընտրության վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարանը չէր քննել, քանի որ այն ներկայացնելու ժամկետները պահպանված չէր:
Մեր տեղեկություններով՝ ֆեդերացիային հասցված նյութական վնասը դեռ չի վերականգնվել, գումարը չեն վերադարձրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար ավիատոմսերի վաճառքով զբաղվող կնոջը փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը այդ կինը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Այս գործը միացվել է ԱԱԾ վարույթում յուրացումների փաստով քննվող մեկ այլ գործի, որի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նույն կինն է:





























