Ռոբերտ Քոչարյանը չի ներում այն մարդկանց, որոնց ինքն է քաղաքականություն բերել եւ մարդ դարձրել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀՇ վերածնման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանին եւ Արմեն Մովսիսյանին ինքն է քաղաքականություն բերել եւ չի ներում այդ մարդկանց՝ իր համար ոչ հաճելի ելույթները։
«Մանավանդ, որ ժամանակին Քոչարյանն իրենց համար եղել է սուրբ: Այդ մարդիկ իրեն թագավոր էին ասում, իսկ հիմա համարձակվում են հարձակվել նրա վրա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ եթե բան ունեն իրար ասելու, թող նստեն իրար դիմաց ասեն։
Իգիթյանը նշեց, որ եթե Քոչարյանը ցանկանար վարչապետ դառնալ, Բաղրամյան 26-ի տեղն էլ գիտի, կգնար կասեր։ Հետեւաբար, Իգիթյանը կարծում է, որ Քոչարյանը վիրավորվել է Տիգրան Սարգսյանի քննադատությունից եւ դրանով են պայմանավորված իր հայտարարությունները։





























