Անհասկանալի է, թե ինչպես կարող է ընդդիմության ներկայացուցիչը գործադիր իշխանության մաս կազմել, հայտարարել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայի դեսպան նշանակվելը:

Նրա խոսքով՝ Հայաստանում Վահան Հովհաննիսյանին գոնե ճանաչում են՝ ի տարբերություն նշանակվող մնացած դեսպանների. «Գերմանիայում մենք բավական փորձառու դեսպաններ ենք ունեցել, եւ կարծում եմ, որ արդեն որոշակի հիմք է ստեղծված նոր դիվանագետի աշխատանքի համար»,- նշել է  Կարապետյանը:

Վահան Հովհաննիսյանի նշանակման հետ կապված քաղաքական գնահատականներ, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, պետք է տա ՀՅԴ-ն:

 «Իսկ որպես Եվրանեսթում եւ եվրոպական այլ կառույցներում աշխատանքային փորձ ունեցող գործիչ, կարծում եմ, նա կարող է օգուտ բերել երկրին», - ասել է Վլադիմիր Կարապետյանը:

Նշենք, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: