Ամերիկացի փրկարարները հայտարարել ն Քալիֆորնիայի Լոս Անջելեսի շրջանի Գլենդել քաղաքի բնակիչների արտակարգ տարհանման մասին՝ մերձակայքում մոլեգնող անտառային հրդեհի պատճառով: Երկու հազար մարդ արդեն տարհանվել են, կրակը ոչնչացրել է հինգ շենք, վնասել 17 շինություն:
Ըստ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության բաժանմունքի՝ փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը եւ տեղայնացնել այն մեկ երրորդ մասով: Կրակի դեմ պայքարում է 700 մարդ, ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հրշեջների աշխատանքը դժվարանում է «Սանտա Անա» տաք ուժգին քամու եւ չոր եղանակի պատճառով: Հրդեհը բռնկվել էր հունվարի 15-ի առավոտյան:
Ըստ քննության՝ հրդեհի մեղավորները 21-23 տարեկան երեք երիտասարդ են եղել: Նրանք տաքանալու համար խարույկ էին վառել չթույլատրված վայրում, սակայն բոցերը հասել էին չոր թփուտների կողմը, եւ հրդեհ էր բռնկվել: Կասկածյալները ձերբակալված են:





























