Ռուսաստանում մի խումբ ադրբեջանցիներ դատարանում պատասխան կտան իրենց հայրենակցին առեւանգելու եւ ծեծելու համար:
Vesti.Az-ի փոխանցմամբ, հանցագործները գործարարից խոշոր գումար են պահանջել:
«Ռոսբալտ»-ի տվյալով՝ մի շարք հանցագործություններում մեղադրվում են Ադրբեջանի 48-ամյա քաղաքացի Նիզամի Հուսեյնովը, 41-ամյա Ռաուֆ Հաբիբովը, 36-ամյա Ասլան Հասանովը եւ 27-ամյա Սեյրան Նուրիեւը:
2011թ. մեղադրյալ Հուսեյնովի եւ տուժածի միջեւ հակասություն էր ծագել՝ նրանց կողմից առեւտրային նպատակներով օգտագործվող շինության էլեկտրաէներգիայի վճարի հետ կապված:
2013թ. հունվարի 28-ին Իվանովսկի փողոցում հանցագործները ծեծել էին տուժածին եւ ատրճանակով սպառնալով մոտից տարել բջջային հեռախոսը, ավտոմեքենայի բանալիները եւ տրավմատիկ ատրճանակ:
Այնուհետեւ տղամարդուն տարել էին «Միկկի» ռեստորան, որտեղ կրկին ծեծել եւ 250 հազար ռուբլի, անձնագիրը եւ մեքենայի փաստաթղթերն էին խլել:
Դանակով սպառնալով՝ նրանք ազատման դիմաց 500 հազար ռուբլի էին պահանջել (ավելի քան 15 հազար դոլար) կամ տուժածի ծանոթի մոտ գտնվող BMW ավտոմեքենան: Համաձայնություն ստանալով՝ մեղադրյալները նրան տարել էին Բաբուշկինա փողոց՝ ավտոմեքենան վերցնելու:
Առեւանգողների անուշադրությունից օգտվելով՝ տղամարդը հաջողացրել էր փախչել եւ դիմել ՆԳՆ բաժին, ինչից հետո հանցագործներին բռնել էին:





























