Հունվարի 20-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել հանդիսատեսների վարքի կանոնները հաստատող «Երկրպագուների մասին օրենքը»:

Օրենքի գլխավոր նորույթը խախտողների սեւ ցուցակ կազմելն է. ովքեր կհայտնվեն այնտեղ, նրանց մեկուկեսից մինչեւ յոթ տարով կարգելվի այցելել միջոցառումների: Իսկ եթե նման հանդիսատեսն, այնուամենայնիվ,  տրիբունա մտնի, ապա ձերբակալվելու  դեպքում վերջինս պետք է վճարի 20-25 հազար ռուբլի տուգանք, կամ էլ 15 օրով կհայտնվի վանդակաճաղերի հետեւում:

«Երկրպագուների մասին օրենքը» երկրպագուներին արգելում է մարզադաշտ բերել հրավառության նյութեր եւ ներկանյութեր,  դեմքերը թաքցնել դիմակներով: Ինչ վերաբերում է բաններներին եւ դրոշներին, ապա տրիբունաներում չպետք է քաղաքական, ազգայնական, ծայրահեղական եւ սադրիչ բնույթի նյութեր լինեն:  Նույնը վերաբերում է պաստառներին, որոնք վիրավորական արտահայտություններ կամ պատկերներ են պարունակում: Իսկ արտասահմայնան լեզուներով գրառումները պետք է թարգմանություն ունենան` հաստատված նոտարի կամ էլ մարզական միջոցառման կազմակերպչի  կողմից, հայտնում է utro.ru-ն: