Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի ձգտումը՝ վերականգնել ԼՂ հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը, այնքան էլ պարզ չէ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Չավուշօղլուի՝ Ադրբեջանում արած համապատասխան հայտարարությունը։

«Չնայած կարող եմ հասկանալ Չավուշօղլուի այդ ձգտման ենթատեքստը, ով ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ փորձում է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթությունից տեղափոխել ԵԽԽՎ։ Բայց միեւնույն ժամանակ հարց է ծագում. ինչո՞ւ ղարաբաղյան հարցը պետք է քննարկվի Եվրոպայի Խորհրդում, եթե այդ կառույցը նախկինում ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղում մարդու իրավունքներին, այդ պետությունում անցկացված ընտրություններին»,- նկատեց պատգամավորը՝ ավելացնելով, որ ԼՂ հարցերով ԵԽԽՎ հանձնաժողովի աշխատանքները վերականգնելու մասին Չավուշօղլուն խոսում էր դեռեւս ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում։ Նրա խոսքով, Չավուշօղլուն խոստացել է ապրիլյան նստաշրջանի ժամանակ այդ հարցը քննարկել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ. «Բայց ես կարծում եմ, որ հարցը պետք է քննարկվի ոչ միայն պատվիրակությունների ղեկավարների, այլ բոլոր անդամների հետ, որովհետեւ ես այդ առումով ասելիքներ ունեմ»,- հայտարարեց Զոհրաբյանը։ Նա նաեւ հայտնել է, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից հետո Չավուշօղլուն կայցելի նաեւ Հայաստան։

Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 26-ից 30-ը։ Նրա խոսքով, նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող կոնկրետ հարցեր չկան, բայց ինքը «Կանանց իրավունքները կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային տարածաշրջաններում» թեմայով զեկույց է պատրաստում, որի շրջանակներում կներկայացնի, թե ինչ դաժան փորձությունների են ենթարկվել հայ կանայք եւ երեխաները Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում 20-րդ դարավերջին։

Նշենք, որ այս օրերին Չավուշօղլուն գտնվում է Ադրբեջանում։