Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ ալ-դին Իսմայիլ Ջալալին:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել են, որ հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին, եւ հանձնաժողովի նիստի անցկացումը կխթանի երկկողմ տնտեսական համագործակցության խորացումը: Դեսպանը փոխվարչապետին փոխանցել է հանձնաժողովի նիստը սեպտեմբերին Երեւանում անցկացնելու եգիպտական կողմի առաջարկությունը: Առաջարկվել է նաեւ մինչ հանձնաժողովի նիստը կազմակերպել գործարար-համաժողով, որպեսզի գործարարները հստակեցնեն համագործակցության ոլորտներն ու ուղղությունները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կազմակերպել օգոստոս-սեպտեմբերին:

Նշվեց, որ եգիպտական կողմը հեռանկարային է համարում կապի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղարտադրության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart village»-ի գաղափարը Հայաստանում իրականացնելու հնարավորությունը: Ներկայումս քննարկվում է նաեւ քաղավիացիայի ոլորտում համագործակցության հարցը, եւ առաջիկայում նախատեսվում է «Արմավիա» ավիաընկերության պատվիրակության այցը Եգիպտոս` «Եգիպտական ավիաուղիների» հետ համատեղ չվերթեր կազմակերպելու մանրամասները քննարկելու համար: