Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 14-ին ընդունել է Նոբելյան մրցանակակիր, բիոքիմիկոս Աարոն Չենանովերին, ով առաջին անգամ է մեր երկրում՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է նման այցերը, քանզի դրանք հնարավորություն են տալիս նոր որակի բարձրացնել գիտական համագործակցության մակարդակը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է արտահայտվել նաեւ գիտության ոլորտում նոր մոտեցումների ընդունման ու կիրառման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանն ու Ազգային մրցունակության խորհրդի տնօրեն Բեկոր Փափազյանը, ովքեր ներկայացրել են իրենց ղեկավարած հաստատությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անվանի գիտնականը ներկայացրել է գիտության զարգացման մասին իր պատկերացումները, խոսել մասնագիտական փորձի մասին, որն ըստ նրա, կարող է օգտակար ու կիրառելի լինել նաեւ մեր երկրում:

Զրուցակիցները կարեւորել են համալսարանների դերը, գիտական նորարարության նշանակությունը, գործարար կապերի ակտիվացման մեխանիզմների ստեղծումն ու կիրառումը, ինչպես նաեւ ուսանողների եւ գիտնականների փոխայցելությունները: