Երևանում հանրային քննարկման շրջանակներում տեղի է ունեցել ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված՝ Հայաստանում կրոնական հանդուրժողականության ուսումնասիրության շնորհանդեսը: Դրան մասնակցել են պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, կրոնական և ազգային փոքրամասնությունների համայնքների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ուսումնասիրությունը իրականացվել է 2009թ. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Զեկույցը ներառում է հարցազրույցներ, համապատասխանաբար մամուլի, հոդվածների և ուսումնասիրությունների երկրորդական վերլուծություն, օրենդրության վերլուծություն և առաջարկներ պետական մարմիններին:

«Այս քննարկումները լավ հնարավորություն են ուժեղացնելու երկխոսությունը և գործակցությունը զանազան մշակութային և դավանանքի համայնքների միջև, ինչպես նաև իշխանությունների հետ' համատեղ արձագանքելու կրոնի կամ հավատքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մենք կշարունակենք խրախուսել հանդուրժողականությունը և փոխվստահությունը, որ նաև 2010թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններից է», — ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն էլ հավելել է. «Հուսով ենք, որ զեկույցում ամփոփված անհանդուրժողականության և խտրականության դեպքերի դիտորդական արդյունքները, ինչպես նաև իրավիճակի և օրենսդրության վերլուծությունը օգտակար կլինեն՝ օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կրոնի և հավատքի ազատությունը Հայաստանում խթանելու ուղղությամբ»: