Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ապրիլի 15-ին կայացած նիստում հայտարարել է, թե հարկային մարմինների կատարած ստուգումների ցուցանիշները մտահոգիչ են:
«Հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով»,- ասել է վարչապետն ու հավելել, որ ցուցանիշների մեջ կան շեղումներ. «Ստուգումների քանակը 82 տոկոսով, այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30 տոկոսով, մինչեւ 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ 250 տոկոսով: Միեւնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի մոտ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ»:
Ըստ վարչապետի՝ այստեղից հետեւում է, որ ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարներ-վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ 4 անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուների մոտ: «Ընդ որում, այդ տարբերությունը 2008թ. աճել է 3.8 անգամ, 2009 թ.` 4.6 անգամ: Այսինքն ստացվում է, որ մենք խոշորների վերաբերյալ ավելի մեղմ մոտեցումներ ունենք, քան` փոքրերի: Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր ստուգմամբ մեկ հարկատուին առաջադրված գումարները հարկատուից հավաքագրված հարկերի հետ համեմատության մեջ 325 խոշոր հարկատուների մոտ ոչ միայն պակաս է ավելի քան 50 անգամ, քան մյուս հարկատուների մոտ, այլ նաեւ 2009 թ. նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 40 տոկոսով, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում մյուս բոլոր հարկատուների մոտ այդ ցուցանիշները մնացել են գրեթե նույնը»,- նկատել է Տիգրան Սարգսյանը, որի կարծիքով Հայաստանում արդյունավետության տեսակետից խնդիր կա եւ քննադատության հիմնական սլաքը պետք է ուղղել դեպի ֆինանսների նախարարություն, որովհետեւ ֆինանսների նախարարությունը պետք է պատասխանատու լինի քաղաքականության համար: «Մենք տնտեսության մեջ ներարկել ենք մեծ ծավալի գումարներ, եւ դա չի կարող տնտեսական աճի չբերել, բայց միկրոմիջավայրը մենք պետք է բարելավենք: Իսկ ստուգումների քանակն ավելացնելով` մենք միկրոմիջավայր չենք բարելավում: Մենք ընդամենը ավելացնում ենք դժգոհությունը տասնյակ հազարավոր ձեռնարկությունների, դժգոհություն պետության նկատմամբ, որովհետեւ մենք չենք կատարում մեր խոստումը»,- ասել է վարչապետը:
Վարչապետը խոսել է նաեւ գնումների մասին եւ կրկին մատնանշել թերությունները: «Մասնավորապես պետության կարիքների համար 2009 թվականի ընթացքում մեկ անձի գնման ձեւով կատարվել են 36 մլրդ դրամի գնումներ, որից առաջին եռամսյակում` շուրջ 16 մլրդ դրամի գնումներ: 2010 թվականին առաջին եռամսյակի արդյունքներով մեկ անձի գնման ձեւով կատարվել են 1.3 մլրդ դրամի գնումներ: Փաստորեն 2010 թվականի առաջին եռամսյակում մեկ անձից գնման ձեւով կատարված գնումների ծավալը 2009 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ պակասել է շուրջ 13 անգամ, իսկ տոկոսային արտահայտությամբ նվազել է շուրջ 92 տոկոս: Սա էլ ֆինանսների նախարարության այն գործողությունն է, որը տվել է խիստ դրական արդյունք, որովհետեւ այս հարցում ֆինանսների նախարարությունը հետեւողական եղավ»"- արձանագրել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նկատել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ, եւ վարչարարությունն ամենակարեւորն է այդ առումով, որովհետեւ պետության նկատմամբ անվստահություն, պետության նկատմամբ դժգոհություն հենց այդտեղ է առաջանում: «Խոշորները կարողանում են իրենց պաշտպանել, փոքր եւ միջին ձեռնարկությունները` ոչ: Այսօրվանից սկսած մենք այս խնդիրը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում: Ցանկացած ահազանգ, որը գալու է փոքր, միջին ձեռնարկություններից, դառնալու է լուրջ քննարկման առարկա»,- ամփոփել է վարչապետը:



























