«Այսօր ողջ հայ ազգը վարակվել „համակարգչամոլությամբ“, եթե բջջային հեռախոսը վարակվում է, ուրեմն մարդն էլ կարող է վարակվել՝ գրքից»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ընդ որում, նա լրագրողներին խորհուրդ է տվել ավելի շատ կարդալ՝ այդ կապակցությամբ անեկդոտ պատմելով. «Ղեկավարը ենթակային հանձնարարում է հաշվետվություն գրել, վերջինս էլ անընդհատ գրում ու պատռում է: Ղեկավարը հարցնում է, թե որն է իր ենթակայի նման տարօրինակ վարմունքի պատճառը, ինչին ենթական պատասխանում է՝ ամեն անգամ, երբ հաշվետվություն եմ գրում, այն ավելի նմանվում է բանսարկության: Ուզում եմ ասել, որ որոշ լրագրողների հրապարակումները ավելի շատ բանսարկություն են հիշեցնում»,- մանրամասնել է Սահակյանը:
Պատգամավորը նշել է նաեւ, որ ամեն օր կարդում է եւ շատ, իսկ իր սեղանի գիրքը Տերյանի հատորն է: «Հարցնել ինձ՝ կարդում եմ արդյոք գրքեր, նույնն է, թե մարդասպանին հարցնեն՝ մեղավո՞ր է նա արդյոք։ Ես ոչ միայն գրքեր եմ կարդում, այլեւ ձեր հոգիները»,- վիրավորվել է Սահակյանը՝ լրագրողների այն հարցից, թե կարդո՞ւմ է արդյոք գրքեր: Նա հավաստիացրել է, որ հայկական ողջ գրականությունը կարդացել է դեռ 6-րդ դասարանում:



























