Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ ապրիլի 14-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 58-րդ նիստին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ-ի անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների գործակցության, ռազմական համագործակցության բնագավառի մի շարք հարցեր, ինչպես նաեւ համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների, հոբելյանական հանդիսությունների կազմակերպման ծրագրերը:
Սեյրան Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Եժելի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր կվերադառնա Երեւան:



























