Անընդհատ շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով Վրաստանի Գարդաբանի շրջանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քեսալո գյուղում ջրի տակ են մնացել հազարավոր հեկտար գյուղատնտեսական ցանքատարածություններ, բակեր, տասնյակ տների առաջին հարկեր եւ այլ շինություններ:

Գյուղի բնակիչները Վրաստանի իշխանություններից պահանջում են աղետի վնասի փոխհատուցում: Տեղի ադրբեջանցիների խոսքով, ամենամյա ջրհեղեղի պատճառն այն է, որ իշխանությունները մինչ օրս չեն մաքրել ջրանցքները, որտեղ հավաքվում է ջուրը: Դրանք խցանված են աղբով եւ այդտեղ հոսող ջուրը այլ ուղի չգտնելով, լցվում է գյուղ ու ջրատակ անում տները: Գյուղի բնակիչները նշել է, որ աղետի հետեւանքով սատկել են հարյուրավոր ընտանի կենդանիներ ու թռչուններ:

Շրջանային իշխանությունների ներկայացուցիչները տուժած գյուղացիներին վստահեցրել են, որ նրանք վնասի փոխհատուցում կստանան: