Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը օգոստոսի 5-ին կհանդիպի Թուրքիայի քրդական Ժողովրդավարական հասարակություն կուսակցության (DTP) առաջնորդ Ահմեդ Թուրքի հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman» թերթը։

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կենտրոնը տարածել է տեղեկություն, որ հանդիպումը տեղի կունենա թուրքական ժամանակով 12.00-ին։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդի հետ կհանդիպի Թուրքիայի ազգային մեծ ժողովում։

Թուրքիայի վարչապետ եւ ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ ինքը քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը չի համեմատում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) հետ եւ չի էլ ցանկանում համեմատել։

NEWS.am-ը հիշեցնում է, որ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական կուսակցությունն է, որը խորհրդարանում ունի 22 պատգամավոր։