Հրազդանի Աբոն երկու երեխաների հայր էր՝ 6 և 7 տարեկան, երբ որոշեց մեկնել մարտադաշտ։ Մայրը դեմ էր, շատ խնդրեց, որ չգնա, չլսեց։

«Մի օր չոքեցի դեմը, ասեցի՝ Աբո, մի գնա, ասաց, մամ, ամեն որբ էլ կմեծանա, բա մեր հողը ո՞վ պահի, դու ուրիշ մայրերից լավը չես, ես ուրիշ տղերքից լավը չեմ, որ չգնամ: Էդ խոսքերից հետո ոչ մի բան չասեցի»,- հիշում է տիկին Ալիսան, որին մնում էր միայն աղոթել, որ որդուն գնդակ չդիպչի:

Ալբերտ Ալավերդյանը ծնունդով Դաշտային Արցախի Դաշկեսան գյուղից էր։ 1960թ.ն ընտանիքով տեղափոխվել էին Հրազդան:  Հենց Հրազդանի ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում էլ մեկնեց Արցախ, ապա Շուշիի առանձնակի գումարտակի կազմում որպես գրոհային մարտկոցի հրամանատար մասնակցեց Երասխի, Վարդենիսի,Նոյեմբերյանի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Մալիբեկլուի կրակակետերի ճնշման գործողություններին։

«Տղաս ամեն գալուց ինձ ասում էր՝ մամ, կգաս, գնանք Ղարաբաղ ապրելու, գիտե՞ս՝ ամեն ծառի ընկած հոնի հյութը, պտուղը էնքան քաղցր ա։ Ասի, կգամ, բալես, որտեղ դու, էնտեղ ես»,- որդու բառերն է հիշում մայրը:

Շուշիի ազատագրումից հետո Ալբերտ Ալավերդյանը վերադառնում է տուն: Մոր հարցին, թե ինչ է բերել Արցախից, ցույց է տալիս բանալիներ.

«Սա է իմ հաղթանակը, այս բանալին»,- ասում է Աբոն՝ ցույց տալով Շուշիի բերդի բանալիներից:

Վերջին անգամ մարտի դաշտ Աբոն մեկնում է թաքուն՝ հորը խնդրելով ոչ մի բան չասել մորը, մեկնում է ու զոհվում Ֆիզուլիի շրջանում:

«Որդիս երազում էր դառնալ Արցախի քաղաքացի, ես հպարտ եմ, որ հերոս որդի եմ ծնել, բայց որդի կորցրած մոր սիրտը ոչինչ և ոչ ոք չի կարող ամոքել»,- ասում է, մայրը, որի աչքերում որդու մասին խոսելիս կռիվ են տալիս հպարտությունն ու ցավը։ Մինչեւ այսօր 73-ամյա Ալիսա Թավաքալյանը շարունակում է մեդալներ ստանալ որդու սխրանքների համար։