Լեռնային Ղարաբաղը հակամարտող եւ, հետեւաբար, բանակցությունների մասնակից կողմ ճանաչելու ցանկության բացակայությունը լուրջ խոչընդոտ է, հրադադարի հաստատման 20-ամյակի (1994թ. մայիսի 12) կապակցությամբ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը:
Վլադիմիր Նիկոլայի Կազիմիրով. Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: 1992–1996 թթ. Միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
2000թ.-ից պաշտոնաթող է: ՌԴ ԱԳՆ-ի վետերանների խորհրդի նախագահն է, Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ:
«Փոխադարձ կոշտ անվստահությունը եւ հակամարտող կողմերի մաքսիմալիզմը մինչ օրս թույլ չեն տալիս խաղաղ կարգավորել վիճելի խնդիրները:
Իրադրության պարբերական սրացումները երկու ժողովուրդների, հարեւան երկրների եւ զգայուն տարածաշրջանի համար համար քիչ վտանգ չեն պարունակում:
Հակամարտող կողմերի, միջնորդների եւ միջազգային հանրության կարեւորագույն խնդիրը հրադադարի ամրագրումն է՝ վիճելի խնդիրների աստիճանական կարգավորման ուղիով առաջ ընթանալու համար»,- ընդգծել է Կազիմիրովը:
Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ում զինված առաջին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ձեռնամուխ էր եղել 1991թ. սեպտեմբերից՝ 1994 թ. մայիսի 12-ին կարողանալով Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնել դադարեցնել արյունահեղությունը:
«Դաժան, գրեթե երեք տարի շարունակված պատերազմն ավարտվեց հրադադարով: Այսօր դրա 20 տարին է լրանում», - ընդգծել է դեսպանը:
«Հրադադարը անժամկետ է կնքված: Զավեշտալի են պաշտոնական Բաքվի կողմից այն բանի չճանաչման փորձը, որը վաղուց հայտնի է միջազգային դիվանագիտական պրակտիկայում՝ փաստաթղթերի կնքումն առանց հստակեցման (մասնավորապես, գործողության ժամկետի առումով): Բացի այդ, դա ներկայանում է որպես սրբապիղծ ակնարկ համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի հասցեին, ասես թե վերջինս չէր գիտակցում՝ ինչ փաստաթուղթ էր ստորագրել տալիս իր պաշտպանության նախարարին:
Այս փաստը՝ հրադադարի ստորագրման անժամկետությունը, շատ կարեւոր է, բայց բավարար չէ:
Միթե հանրահայտ չեն զգոնացնող փաստերը՝ Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստորագրված այլ փաստաթղթերի խախտումներն ու խզումները:
Այնպես որ, հրադադարի անժամկետ լինելն ինքնին ռազմական գործողությունները չվերսկսելու հարյուրտոկոսանոց երաշխիք չէ, բայց, մյուս կողմից, պաշտոնական Բաքվի համար զիջումներ չեն լինի՝ այն հիմնավորմամբ, որ վերջինս քանիցս չի հետեւել իր բարձրաստիճան պաշտոնյաների ստորագրած պայմանագրերին:
Բանակցությունների տասնամյակներն ապացուցեցին, որ առայժմ լիովին բացառված չէ պատերազմի վտանգը, դրանց հաջողությունը երաշխավորված չէ, անգամ կասկածելի է:
Իրենց տրամադրվածությամբ կողմերն իրենք են իրենց զրկում ճկունությունից, փոխզիջումների որոնման պատրաստակամությունից», - ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը՝ հիշեցնելով, որ անվստահության գագաթնակետում հակամարտությունների կարգավորման գործում մեծ նշանակություն ունի քայլերի հետեւողականությունն ու հաջորդականությունը:
«Պաշտոնական Բաքուն առաջին հերթին ձգտում է զբաղեցրած տարածքներից հայկական զորքերի հեռացման եւ փախստականների վերադարձի՝ հիմնավորելով մարդասիրական նկատառումներով եւ հետին պլան մղելով երաշխավորված խաղաղության եւ վիճահարույց գլխավոր խնդրի՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցը: Անգամ նոր պատերազմով են սպառնում:
Ինչո՞ւ էին հումանիզմի մասին մոռանում նրանք, ովքեր, ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի, չէին ցանկանում դադարեցնել պատերազմական գործողությունները 1993-1994թթ.:
Նոր կոտորածի սպառնալիքները եւս այնքան էլ մարդասիրական չեն»,- նշել է դեսպանը:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն առաջին հերթին պահանջում էին անհապաղ զինադադար եւ օկուպացնող ուժերի հեռացում: Բայց միանգամայն ակնհայտ է, որ երկրորդ պահանջն անիրագործելի էր առանց առաջինի կատարման.
«Կարեւոր է նաեւ ընդգծել, որ հրադադարի հիմքում ընկած են ոչ թե այդ բանաձեւերը, որոնք խախտվեցին հակամարտությունը ուժով լուծել փորձողների կողմից, այլ Ռուսաստանի միջնորդության կարեւոորագույն փաստաթուղթը՝ ԱՊՀ անդամ պետությունների 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությունը (ընդ որում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հեյդար Ալիեւի անմիջական մասնակցությամբ) տվեց երկու, բայց ամենաառանցքային ձեւակերպումները՝
Ոչ միայն դադարեցնել կրակը, այլեւ հուսալի ամրապնդել հրադադարը,
2) Հստակ սահմանվեց հետագա գործողությունների հերթականությունը: Հատուկ ընդգծվեց, որ առանց հրադադարի հուսալի ամրապնդման «հնարավոր չէ ձեռնամուխ լինել ողբերգական հակամարտության հետեւանքների վերացմանը» (զորքերի դուրսբերումը, փախստականների վերադարձը)»:
Սակայն, ըստ դեսպանի, խաղաղության հուսալի ամրագրում մինչ այժմ չկա, իսկ Բաքուն շարունակում է պատերազմի նախապատրաստությունն ու ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հրաժարվելով ուժ չկիրառելու մասին համաձայնագիր կնքելուց:
«Ղարաբաղի համար նոր պատերազմը բնավ պետք չէ եւ վտանգավոր է երկու ժողովուրդների՝ հայերի եւ ադրբեջանցիների, նրանց հարեւանների եւ իհարկե Ռուսաստանի համար:
Իսկ անձնական պլանում կհավելեի, որ հրադադարի համար պայքարած մարդը պարտավոր է եւ կխոչընդոտի պատերազմների անխոհեմ ջատագովներին», - ընդգծել է դեսպանը:
Ըստ նրա՝ խիստ կարեւոր է պաշտոնապես ստորագրված համաձայնագրերի եւ կողմերի միջեւ այլ պայմանավորվածությունների կատարումը. «Խաղաղապահական նախաձեռնություններից խուսափելը ակնհայտորեն Ադրբեջանի օգտին չէ. ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի խախտումը, միջնորդների 20-ից ավելի առաջարկների մերժումը (Երեւանի եւ Ստեփանակերտի հայերը միասին չեն ընդունել ընդամենը չորս առաջարկ), զորքերը հեռացնելուց հրաժարվելը, հրադադարի ռեժիմի ամրապնդման համաձայնագիրն արհամարհելը:
Այս ամենը մեծացնո՞ւմ է Բաքվի հանդեպ վստահությունը»:
Վլադիմիր Կազիմիրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի եւ գերտերությունների կողմից երաշխավորված խաղաղությունը կփոխեր հայերի դիրքորոշումը. Նրանք ստիպված կլինեին փուլ առ փուլ ազատել զբաղեցված հողերը:
Կրկին ընդգծելով բանակցություններին Ստեփանակերտի անմիջական մասնակցության անհրաժեշտությունը՝ դեսպանը հիշեցրել է, որ պատերազմի տարիներին Բաքուն ավելի քան 10 անգամ ինքն է Ստեփանակերտի հետ տարբեր փաստաթղթեր ստորագրել՝ առանց անգամ Երեւանի մասնակցության: «ԼՂ-ն ԱՀ-ի եւ ՀՀ-ի հետ ստորագրել է երեք ընդհանուր կարեւոր փաստաթուղթ. Հրադադարը, 1994 թ. հուլիսի 27-ի հայտարարությունը, 1995 թ. փետրվարի 4-ի համաձայնագիրը: Առանց ԼՂ-ի մասնակցության՝ բանակցությունները չեն կարող դուրս գալ ավարտական փուլ, քանի որ դրա կարգավիճակը հիմնախնդրի գլխավոր վիճահարույց խնդիրն է: Չի կարելի անընդհատ հետաձգել նաեւ դրա լուծումը», - նշել է Վլադիմիր Կազիմիրովը:




























