Վերահսկիչ դրոշմները մտուղ-բանջարեղենային պահածոների վրա կարող են բիզնեսի համար մի շարք դժվարություններ առաջացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում «Առեւտեւրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վերահսկիչ դրոշմների ինքնարժեքը կազմում է 3,5 դրամ: «Դա շատ է, քանի որ չափերով դրանք շատ փոքր են: Թող լինի կես դրամ կամ մեկ դրամ, բայց ոչ ավելին»,-կոչ է արել Ալիկ Պետրոսյանը:
Բացի այդ, նա հավելել է, որ թեեւ պտուղ-բանջարեղենային պահածոների համար օրինագծում անցումային շրջան է տրվում, մինչեւ 2015-ի սեպտեմբերի 1-ը, այն ավելի նպատակահարմար է երկարացնել մինչեւ նոյեմբերի 1-ը՝ գյուղատնտեսական սեզոնի ավարտը:
Նշենք, որ ինքը՝ Պետրոսյանը, «ՄԱՊ» ընկերության սեփականատերն է, որն արտադրում է գինիներ, կոնյակ եւ պտուղ-բանջարեղենային պահածոներ: Այժմ ընկերությունը ղեկավարում է պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը:
Իր պատասխան խոսքում Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը պարզաբանել է, որ վերահսկիչ դրոշմների ինքնարժեքը բիզնեսի համար կարեւոր չէ, քանի որ դա դուրս է գրվելու հարկային պարտավորություններից: «Իսկ անցումային շրջանի երկարաձգման հարցը կարելի է քննարկել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օրինագիծն առաջարկում է վերահսկիչ դրոշմներ կիրառել մի շարք ապրանքների (ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային) վրաէ դրանց շրջանառությունը վերահսկելու նպատակով:
Առաջին անգամ այս մեթոդի կիրառվել է 2013-ի հուլիսին՝ գարեջրի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա, որի արդյունքում «սպիտակ» շրջանառությունը նկատելիորեն աճել է:




























