Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը բարձր է գնահատել Իլհամ Ալիեւի որոշում, ով հրաժարվել է մասնակցել այսօր Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Դա ճիշտ քայլ էր, որի պատճառն այն է, որ այդ գագաթնաժողովին մասնակցող մարդիկ, որոնք մասնակցել են Շուշիի „օկուպացիային“, ղեկավարում են Հայաստանը»,- այսօր` մայիսի 8-ին լրագրողներին ասել է «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:

«Ադրբեջանական կողմը դրանով ցույց է տալիս, որ նախքան իր հողերի ազատումը՝ Հայաստանի հետ որեւէ տեսակի հարաբերության մասին խոսք լինել չի կարող: Դա նշանակում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել ԼՂ խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա:

Հիշեցնենք, սակայն, որ մինչ այդ Ալիեւը մշտապես մասնակցել է ԱՊՀ գագաթնաժողովներին, որին մասնակցել են նաեւ ՀՀ իշխանությունները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, «օկուպացրել են» Շուշին: Տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահը նոր է իմացել, որ Շուշիի ազատագրմանը ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք մասնակցություն են ունեցել: Ու հիմա, որ նման բան է հայտարարվում, նշանակո՞ւմ է, արդյոք, որ այսուհետ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ կամ այլ ձեւաչափերով միջազգային հանդիպումներին, որտեղ ներկա կլինեն նաեւ ՀՀ ղեկավարները:

18 տարի առաջ մայիսի 8-ին հայկական ուժերը ազատագրեցին ԼՂ սիրտը հանդիսացող Շուշի քաղաքը, որտեղից մշտապես հարվածներ էին հասցվում հայկական բնակավայրերին: Հենց այդ հաղթանակն էր, որ բեկեց պատերազմի ընթացքը եւ հանգեցրեց այն արդյունքին, ինչ ունենք այսօր: