Այսօր` մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմի 65-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանի Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դրեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան անձինք:
Հիշատակի արարողակարգից հետո սկսվեց հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումների տոնական քայլերթը, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարն ու վարչապետը, ինչպես զինվորները ռազմաճակատում, ճաշեցին դաշտային պարենային կետում` փորձելով այն ճաշատեսակներից, որոնք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պնդմամբ հայկական բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդներին մատուցվում են ամեն օր:
Նշենք, որ այս տարի լրանում է Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարելիցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու տոնական արարողություններին: Կարմիր հրապարակում կայացած աննախադեպ շքերթին մասնակցել է նաեւ հայկական զինված ուժերի ստորաբաժանումը:



























