Հայաստանի կառավարությունը բավականաչափ ուշադրություն չի դարձնում Մեծ Հայրենականի մասնակիցներին:

Հաղթանակի զբոսայգում Մեծ Հայրենականի 65-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որին բազմաթիվ վետերաններ էին մասնակցում: Նրանցից շատերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին: «Վետերաններին ուշադրություն են դարձնում միայն տոնից տոն, էն էլ միայն 100 գրամ օղի են տալիս կամ մի աման ճաշ: Դա՞ է իրենց ուշադրությունը: Պայքարեցինք, որ իրենց համար նստեն կառավարության գլուխն ու ժողովրդին ոչ մի օգուտ չտան»,- NEWS.am- թղթակցի հետ զրույցում Հայրենական մեծ պատերազմի 65ամյակին նվիրված միջոցառմանն ասաց պատերազմի վետերան 92-ամյա Շավարշ Պավլենյանը: Կառավարությունը վերջերս որոշում է ընդունել, որով պատերազմի մասնակից վետերաններին իրավունք է տրվում անվճար երթեւեկել քաղաքային ավտոբուսներով, սակայն դա չի գոհացնում Հայրենականի 92-ամյա մասնակցին:

«Մենք իրավունք ունենք ձրի երթեւեկելու միայն ավտոբուսներով: Բայց 85 տարեկանից ցածր վետերան չկա: 85 տարեկան մարդը հազիվ է փետով քայլում, մեր թոռները մեր ձեռքից բռնած հայաթն են իջեցնում, որ չընկնենք, մեռնենք, հիմա ո՞վ է մեզնից ավտոբուս նստում, ման գալիս: Ուրեմն սուտ է այդ որոշումը: Ցույց են տալիս՝ իբրեւ գործ են արել: Տրանսպորտի փոխարեն թող վերականգնեին մեր կոմունալ ծառայությունները 50 տոկոս զեղչով փակելու արտոնությունը: Ամսեկան լույսը, ջուրը, գազը, լինում է 40 հազար դրամ: Մենակ լույսը 5000-6000 հազար դրամ է, որ 50 տոկոս դարձնեին, ես կմուծեի 2500 դրամ, էն 2500 դրամն էլ միս կգնեի, գոնե ամիսը մեկ անգամ միս կուտեի»,- վրդովված նշեց վետերանը:

Կոմունալ ծառայությունների կիսով չափ վճարելու արտոնությունը վերականգնելու խնդրանքով Հայրենական մեծ պատերազմի խորհրդի անդամ Դերենիկ Փաշինյանը հաղթանակի զբոսայգում դիմեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն վերջինս որեւէ բան պատասխանելու փոխարեն, նրան հարցրեց, թե ինչո՞ւ վետերանը մեդալները չի կախել: NEWS.am-թղթակցի հարցին, թե «վետերաններին ավելի շատ ուշադրություն դարձվելո՞ւ է», նախարարը պատասխանեց. «Տոնի հետ կապված հարցեր տվեք»:

Նշենք, որ այսօր Հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում էին հավաքվել պատերազմի մասնակից վետերանները: Այնտեղ էին նաեւ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյանները, այդ թվում երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: